
Կարծում եմ՝ թայֆայաբազությունը շատ բնորոշ է պարոն Քոչարյանի կառավարման տարիներին, երբ բիզնեսը որոշակիորեն իրականացվում էր վերեւից ներքեւ կառավարմամբ: Տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը սա ասաց Araratnews.am-ի թղթակցին:
Նա հիշեցրեց՝ գործող քաղաքական համակարգը սերտաճել էր բիզնեսի հետ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանը ղեկավարել է 1998-2008 թվականներին, օրեր առաջ իր հարցազրույցում իշխանությանը քննադատել էր, նրան մեղադրել թայֆայության համար, որը կա խորհրդարանում եւ կառավարությունում:
Արդյոք 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են մենաշնորհները, փակվել են բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՓՄՁ), որոնք, ըստ Քոչարյանի, ազատ անկման մեջ են: Տնտեսագետը դա հերքեց: «Ցանկալի կլիներ վիճակագրություն ներկայացներ, ասեր՝ ինչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը: Այն հանգամանքը, որ մրցակցության համար ապրանքների մուտքի խոչընդոտ չկա: Նախկինում շուկան քվոտավորված էր, այսօր նման բան չկա: Կարագի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով տուգանել են ընկերությանն այս իշխանության օրոք: Չմոռանանք, որ Քոչարյանի տարիներին էին փչում շինարարության փուչիկը: Երբ 2008 թ-ին Հայաստանում տնտեսական ճգնաժամ էր, Հայաստանը վատ ցուցանիշներ արձանագրեց »,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Արտակ Մանուկյանը հիշեցրեց՝ այն, ինչ ասում է, արձանագրել են միջազգային կազմակերպությունները:
Ինչ վերաբերում է ՓՄՁ-ի փակվելուն, Արտակ Մանուկյանի խոսքով՝ համավարակի պատճառով հատկապես զբոսաշրջության ոլորտում մի քանի ՓՄՁ կարող են ժամանակավորապես չաշխատել: «Սակայն հեղափոխությունից հետո մոտավորապես 26.000 նոր գրանցված բիզնես կա: Սրանով է նաև պայմանավորված, որ եկամտային հարկ վճարողների թիվը էականորեն ավելացել է: Ստվերայնության դեմ պայքարն այս կառավարությունը մեծ արդյունավետությամբ է իրականացրել, քանի որ չունի սերտաճում բիզնեսի հետ»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
Ռոբերտ Քոչարյանն իշխանությանը մեղադրել է կոռուպցիայի դեմ չպայքարելու համար, ասել՝ 120 մլն դոլար պարգեւավճար են ստացել: Տնտեսագետը կարծում է՝ Ռոբերտ Քոչարյանը չգիտի կոռուպցիայի սահմանումը, չի կարող բյուջեով սահմանված պարգեւավճարները, որոնք բյուջեի անքակտելի մաս են, դիտարկվել կոռուպցիա լայն իմաստով: «Եթե մենք դիտարկենք պարոն Քոչարյանի բարդ մեխանիզմները, երբ արտաքին պարտքով ներգրավված պրոյեկտներն անարդյունավետ վատնում էին, ապա այս կառավարությունը բծախնդիր է արտաքին պարտքն ավելացնելու միջոցով տարատեսակ մեխանիզմների հանդեպ, հետաքրքրված է դրանց արդյունավետությամբ: Սա նշանակում է՝ քաղաքական կամք կա: Հանրությունն իր վճարած հարկերից մեծ որակի ծառայություններ է ստանում, քան նախկինում: Օրինակ՝ պաշտպանական բնագավառի ծախսերի էֆեկտիվությունը նայել, ենթակառուցվածքները տեսնել: Ի դեպ, այս պրոյեկտներն իրականացվում են մրցակցային սկզբունքներով»,- հիշեցրեց պատգամավորը:
Իշխանությունն այսօր շահագործում է ընդերքն այնպես, ինչպես չի եղել նախկինում: Մինչդեռ այլ բան էին խոստացել հանրությանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի: Արդյոք հիմնավոր է այս հայտարարությունը: Արտակ Մանուկյանը պարզաբանում է՝ ընդերքի շահագործման թույլտվությունը եղել է նախկին կառավարության օրոք: «Եթե մենք դիտարկում ենք Հայաստանի ընդերքի շահագործումը, փաստենք, որ մեր տնտեսության կառուցվածքի տեսանկյունից արդյունաբերության մեջ նվազել է հանքարդյունաբերությունը, աճել է վերամշակող արդյունաբերությունը, որի մասին 2019 թ-ին խոսել էր վարչապետը: Վերամշակող արդյունաբերություն նշանակում է դիվերսիֆիկացիա, մի քանի խաղացող, մի քանի ոլորտի մասով տնտեսության կախվածության մեծացում»,- հիշեցրեց «Իմ քայլ»-ի անդամը:
Նոր կառավարությունը, ըստ տնտեսագետի, ոչ թե այսօր քանդում է ընդերքը, այլ կարելի է դիտարկել հավելյալ արժեքի մեծացման հնարավորությունը:
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքներից մեկն էլ համավարակի դեմ պայքարի տապալումն էր ու անհասկանալի 5 ամիս արտակարգ դրությունը երկարաձգելը: Կառավարող ուժի անդամը հորդորում է Ռոբերտ Քոչարյանին կարդալ Արժույթի միջազգային հիմնադրամի ուղեցույցը հակամահամաճարակային քայլերի մասին: Եթե չլինի արտակարգ իրավիճակ, Արտակ Մանուկյանի խոսքով, չես կարող բիզնեսի համար որոշակի վարվեցողության կանոններ սահմանել կամ սահմանափակել որոշակի բիզնեսի գործունեությունը:
Արտակ Մանուկյանը համոզված է՝ երբ կավարտվի արտակարգ դրությունը, պարոն Քոչարյանն ու նրա արբանյակները, բոլորս կգնահատենք կառավարության քայլերը:
Կկարողանա՞ն նախկին իշխանական ուժերը, քաղաքական գործընթացներից, կառավարության գործունեությունից կյանքի կոչել կամ արտահերթ, կամ հերթական ընտրություններով իշխանափոխություն, որն ասել էր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը: Արտակ Մանուկյանը չցանկացավ կանխատեսել ոչ մի քաղաքական սցենար, բայց մեջբերեց իր գործընկերոջ՝ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը. «Եթե նման պահանջ է հասունացել, ապա ակնկալում ենք, որ պարոն Քոչարյանը կփորձի փողոց դուրս գալով իր պահանջի պատասխանը ստանալ»:
Սոնա Դավթյան