Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ը և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։

Մինչ վթարի վայրում զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և պետի տեղակալ Նարեկ Բադալյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Ն. Բադալյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

">https://

744