Երեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, և դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Աղբյուրը հայտնում է, որ նշված վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

478