«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել և փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը: Եվ, մեր տեղեկություններով, պատգամավորները նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով, և, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը: Նկատենք, որ արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, և իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն: Միևնույն ժամանակ իշխող խմբակցությունը մինչև այդ դեռ պետք է որոշի, թե վերջնականապես ինչպես են քվեարկելու թեկնածուներին:

 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներն են Էդգար Շաթիրյանը, որը առաջադրվել է կառավարության կողմից, Երվանդ Խունդկարյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, և Արթուր Վաղարշյանը, որն էլ նախագահի թեկնածուն է»:

 

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

21