
Բեռլինի իշխանությունները չեղարկել են կորոնավիրուսի սահմանափակումների հակառակորդների ցույցը, որը նախատեսված էր շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին: Այս մասին հայտարարել է Բեռլինի ներքին գործերի հարցերով սենատոր Անդրեաս Հայզելը:
Պաշտոնյան նշել է, որ նման որոշում է կայացվել «հանուն վարակիչ սպառնալիքից պաշտպանության», այլ ոչ թե՝ ընդդեմ հավաքների ազատության:
«Հիմա համավարակը դեռ շարունակվում է, իսկ վարակվածների վերաբերյալ վիճակագրությունն աճում է», – ասել է Հայզելը:
Կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակող միջոցների դեմ վերջին խոշոր հավաքը Բեռլինում տեղի է ունեցել օգոստոսի 1-ին:
Ներկայումս Գերմանիայում աճում է նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը: Անցած օրվա ընթացքում բացահայտվել է 1576 դեպք: Նման տեմպ էր դիտվում Գերմանիայում մայիսին: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում հաստատվել է COVID-19-ի 236․429 դեպք։