Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):

Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման գործում:

Տիկին Մարիեն Քլարկ-Հաթթինգն ասել է, որ ուրախ է հանդիպել Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպանի հետ: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարօրության ապահովման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին՝ միաժամանակ առաջարկելով իրագործել համատեղ նոր ձեռնարկներ:

139