Գաղտնիք չէ, որ հայաստանյան բուհերում սովորող ուսանողների մեծամասնությունը նախապես չի գիտակցում, թե որ ֆակուլտետ է ընդունվում, և ինչի համար: Շատերի համար բարձրագույն կրթություն ստանյալը դարձել է բարեկամների, հարևանների, ծանոթ-անծանոթների մոտ ինքնահաստատվելու ու ինքնաիրացվելու միջոց: Իրականում շատ խելացի ու մտավոր ունակություններով փայլող երեխաներ մասնագիտական նախապատվությունների հարցում սխալ են կողմնորոշվում, արդյունքում` հայտվելով այնտեղ, որտեղ որ չպետք է լինեին: Հետագան ավելի բարդ է լինում: Ստացած կրթությանն ու այդ ամենի համար վճարված գումարին համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնար է դառնում:

Ես Օլյա Շահինյանն եմ. ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի մագիստրատուրան: Ստանալով քաղաքագիտության բակալավրի, իսկ այնուհետև մագիստրոսի կոչումները՝ վեցամայա ուսումնառությանս ընթացքում հասցրել եմ հետևյալ եզրահանգումներն անել.

Դասախոսի կողմից դրսևորվող «սիմպատիան»

Իմ արձանագրած մեծագույն խնդիրներից մեկը, թերևս, ուսանողների նկատմամբ որոշ (ոչ զգալի թիվ կազմող) դասախոսների կողմից սուբյեկտիվ, ընդգծված վերաբերմունքի դրսևորումն է: Որոշ դասախոսներ ուսանողին  ընկալում են ոչ թե որպես գիտելիքներ կլանող ու դրանք իրական կյանքում ռեալիզացնող անհատ, այլ կրած հագուստով, կրոնական համոզմունքներով, սոցիալական կարգավիճակով ու շատ հաճախ նաև ֆեյսբուքյան էջով: Ոմանց համար էլ ուսանողը հանդիսանում է ինքնահաստատվելու ու կայանալու միջոց, եւ նրանք վերջինիս համեստությունն ու դաստիարակությունը որպես թուլություն են ընկալում: Սա համատարած խնդիր է:

«Երկրորդ հերթի» պատիժը

Բուհերում երկրորդ հերթը պետք է հնարավորինս կասեցվի: 2014 թվականին ԵՊՀ քաղաքագիտության, ինչպես նաև հանրային կառավարման բաժիններ ընդունված ուսանողները բակալավրիատի ողջ ընթացքում երկրորդ հերթով են դասի հաճախել, և նրանք նման «օրիգինալ» մեխանիզմով դասերի հաճախող առաջին սերունդը չեն: Համալսարանում դասերի մեկնարկը տրվում էր 14:30-ին և ավարտվում 19:05-ին: Դասավանդվող նյութն ընկալելու տեսանկյունից ոչ բարենպաստ ժամկետ էր սա: Բարձր գնահատականներով քաղաքագիտության և հանրային կառավարման բաժիններ ընդունված ուսանողներից շատերը հիասթափվում էին ու դասերի հաճախում զուտ ավարտական դիպլոմ ստանալու նպատակով:  Չորս տարի շարունակ մարզերից Երևան եկող ուսանողը կրում էր «երկրորդ հերթի լուծը»: Էլ չեմ խոսում աշխատանք գտնելու մասին։

Ինչն է ուշագրավ. 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո քաղաքագիտության և հանրային կառավարման բաժիններում երկրորդ հերթի հարցը լուծվեց: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երեք բաժիններում էլ «երկրորդ հերթը» հավասարապես բաշխվեց: Իսկ արդարության վերականգնումից հետո, մենք արդեն ավարտել էինք համալսարանը:

Վճարովի հիմունքներով, բայց բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողի խնդիրը

ԵՊՀ-ում որպես վճարովի հիմունքներով, գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանող, ինձ համար, գոնե, այդ 4 տարիների կարևորագույն ձեռքբերումը քաղաքագիտության բաժնում դասավանդվող մասնագիտական օտար լեզվի խորացված ուսուցումն էր, ինչպես նաև շատերին մոտիվացնող գերազանց առաջադիմության համար հատկացվող ուսման վարձի  15-20 տոկոսի չափով հատկացվող զեղչերը: Այդուհանդերձ, առաջադիմության զեղչերը տարբեր ֆակուլտետներում տարբեր կերպ են հատկացվում: Կան ֆակուլտետներ, որտեղ 50 տոկոսի չափով է զեղչը հատկացվում: Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է ևս կարգավորվի:

Անվճար հիմունքներով սովորող ակադեմիականի առավելությունը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անվճար հիմունքներով սովորող մագիստրոսի համար, թերևս, ամենակարևոր ձեռքբերումը կրթաթոշակն է. շուրջ 48600 դրամ: Այն շատ է մոտիվացնում ուսանողին. նա միշտ ձգտում է կուրսում առաջադիմությամբ առաջինը լինել:

Ավարտական դիպլոմի նկատմամբ ունեցած «ֆանատիզմը»

Ըստ իս, բարձրագույն կրթության համակարգում առկա մեծագույն խնդիրը ավարտական դիպլոմի նկատմամբ ծնողներից շատերի ունեցած «ֆանատիզմն» է: Ուսանողներից շատերը բակալվրի աստիճանը ստանալուց հետո ընդունվում են մագիտրատուրա՝ ևս մեկ դիպլոմ ստանալու ակնկալիքով, մինչդեռ արտերկրում քչերն են մագիստրոսի աստիճան ստանում: Նորմալ չէ, երբ որ չափահաս մարդն առանց լուրջ նպատակիների առկայության կամայական կրթական ծրագրով դիմում է մագիստրատուրա:

Գործնական հմտությունների պակասը

Բուհերում առկա մեծագույն բացթողումը պրակտիկայի կազմակերպումն է: Թերևս, այս տեսանկյունից ՀՀ ՊԿԱ-ում կազմակերպվող ինչպես կառավարչական, այնպես էլ գիտահետազոտական պրակտիկաները համեմատաբար արդյունավետ են անցնում: Մագիստրանտին հաջողվում է պրակտիկայի ժամանակ մասնագիտական որոշ հմտություններ ձեռք բերել: Այդուհանդերձ, կարծում եմ, որ բակալավրիատում նույնպես պրակտիկային պետք է մեծ ուշադրություն հատկացվի: Ուսումնառության չորս տարիներից առնվազն մեկն անհրաժեշտ է պրակտիկային նվիրել:

«Կարմիր դիպլոմի» արժեզրկումը

Բակալավրում ուսանելու ընթացքում մշտապես պայքարել եմ գերազանցության դիպլոմի համար: «Կարմիր դիպլոմ» ստանալու համար ԵՊՀ-ում ուսանողի միջին գնահատականը պետք է 18-ից 20 լինի: Այնպես է ստացվում, որ մեր օրերում, զգալի թվով ուսանողների հաջողվում է հաղթահարել 18-ի շեմն ու գերազանցության դիպլոմ ստանալ: Այստեղ իրավիճակը դեռ համեմատաբար կայուն է. ՀՀ ՊԿԱ-ում առավելագույն 4 կրեդիտից 3.61-ի առկայության դեպքում ուսանողը գերազանցության դիպլոմ է ստանում: Կարծում եմ, որ պահանջվող շեմերը ցածր են:

Էլ չեմ խոսում այն մասին, որ շատ դեպքերում լիկվիդներ ունեցող ուսանողը նույնպես արժանանում է նույն գերազանցության ավարտական դիպլոմին:

Կողմանակալ վերլուծություններն ու ուղղորդումները

Անհնար է պատկերացնել քաղագիտությունն առանց քաղաքական վերլուծության: Այն քիչ երջանիկներից եմ, ով իր դասախոսներից, այնուամենայնիվ, լսել է չեզոք ու անկողմնակալ վերլուծություններ, բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ սուբյեկտիվ տեսակետների հրամցման ականատեսն եմ եղել ու մի պահ զղջացել, որ անկայուն ու ոչ ճշգրիտ մասնագիություն եմ ընտրել: Այս ամենի դեմ պայքարելու միակ միջոցը ուսանողի՝ իր պահանջատեր լինելու գիտակցումն է. չէ՞ որ, վճարում են որակյալ գիտելիքի համար, իսկ անվճար հիմունքներով սովորող ուսանողի համար նույնպես վճարվում է, բայց այս դեպքում պետության կողմից. պետությունը պետք է անկողմնակալ ու արժանահավատ գիտելիք ստացող կադրերի համար վճարի:

 

190