Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան են լինելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում: Ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Հանրապետության նախագահի և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերեն լեզվով հաղորդումների սահմանված եթերաժամանակը»,- նշել է Պողոսյանը:

 

Վահրամ Պողոսյանը հավելել է, որ մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:

 

132