Արտադրանքի տեսքը ոչ պակաս կարևոր է, քան բաղադրությունը։ Գրագետ մշակված բրենդը ցանկացած ընկերության շարժիչ ուժն է՝ նպաստելով ապրանքի առաջխաղացմանն ու վաճառքին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։ Մրցունակ և շուկայի պահանջներին համապատասխան բրենդի ստեղծման գործում հայաստանյան ձեռնարկություններին օգնում է նաև Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում են Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունից։

Նախաձեռնությունն աջակցում է սննդի վերամշակման ոլորտում գործող մի շարք ընկերությունների բրենդի մշակման գործում՝ անհատական մոտեցում ցուցաբերելով նրանցից յուրաքանչյուրին։ Մշակվող բրենդը շեշտադրում է հայկական արտադրանքի առանձնահատկություններն ու շուկայական առավելությունները՝ դարձնելով այն առավել մրցունակ և գրավիչ արտահանման համար։ Ծրագրի այս աջակցությունից հիմնականում օգտվում են չրի, պահածոների, խոտաբույսերի և բուսական թեյերի արտադրութամբ զբաղվող ընկերությունները։ Հայաստանի բարձրադիր լեռներում ծնված ու կենսատու արևով համեմված բուսական թեյերն արդեն հասցրել են ճամփորդել տարբեր երկրներ՝ այդ թվում Եվրոպական միության անդամ պետություններ՝ արժանանալով ընդհուպ մինչև Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Այդուհանդերձ, տեղական արտադրողները շարունակում են միջազգային շուկայում դիրքերն ամրապնդելու նոր հնարավորություններ փնտրել՝ որպես առաջնային քայլ զարգացնելով ընկերության բրենդը։

«Յուրաքանչյուր ընկերության հաջողության բանալին թե բաղադրությամբ, և թե փաթեթավորմամբ որակյալ արտադրանք ունենալն է։ Առևտրի միջազգային կենտրոնի աջակցությամբ այժմ մեր թեյերի նոր շարքի համար բրենդային ինքնություն ենք մշակում, որը կլինի ինքնատիպ ու գրավիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային սպառողի համար։ Թեյերի տուփերի դիզայնը մշակելիս ներշնչվել ենք բնության տարերքներից, իսկ փաթեթավորման համար նախատեսում ենք օգտագործել վերամշակվող պոլիէթիլեն, որը ժամանակի ընթացքում կքայքայվի ու բնությանը վնաս չի հասցնի։ Ծրագրի մասնագետների խորհրդով տուփերն այնպես ենք պատրաստելու, որ իրար մեջ շարվեն, և լոգիստիկ ծախսերը չավելանան», – նշում է «Էդնա» ընկերության հիմնադիր տնօրեն Գնել Նազարյանը։

Նախքան արտահանումը Գնելը մեծապես կարևորում է տեղական շուկայում ներկայացված լինելը։ Սա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ սպառողի նախասիրությունները, ընկերության բացերն ու դրանք շտկելու ուղիներ գտնել։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն արդեն երեք տարի է, ինչ հայաստանյան ընկերություններին օգնում է միջազգային և հատկապես Եվրոպական շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ ապրանք արտադրել՝ աջակցելով արտադրական ողջ շղթայում՝ բրենդավորումից ու փաթեթավորումից մինչև փոխադրում։ Ծրագրի շնորհիվ տեղական ընկերություններն իրենց արտադրանքը ներկայացրել են մի շարք առաջատար միջազգային ցուցահանդեսների՝ գործարար կապեր ստեղծելով արտասահմանյան մատակարարների ու գնորդների հետ։

«Բրենդինգը չափազանց կարևոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար։ Բուժիչ նպատակներով բուսական թեյ արտադրողները պետք է վստահ լինեն, որ տուփի վրա նշված բաղադրիչները համապատասխանում եմ միջազգային և հատկապես Եվրոպական միության չափանիշներին և ուղեցույցին։

Թափոնների և պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչպես նաև վերամշակման հնարավորությունը կարևոր գործոններ են բազմաթիվ սպառողների համար։ Ընկերությունները պետք է իմանան, թե ինչ նյութեր են օգտագործվել փաթեթավորման ընթացքում, որպեսզի հարկ եղած դեպքում տեղեկացնեն նաև գնորդին կամ սպառողին տուփի վրա նշված նշանների միջոցով։ Խոտաբույսերն ու թեյերը կարևոր է զերծ պահել խոնավությունից, և այստեղ ամենաարդյունավետը դեռևս պլաստիկն է։ Այնուամենայնիվ, տեխնոլոգիաները փոխվում են, և շուկայում աստիճանաբար սկսում են կիրառել նաև բուսական հիմքով պլաստիկ»,- նշում է թեյերի միջազգային փորձագետ Անջելա Փրայսը, ով երկու տարի շարունակ անհատական խորհրդատվություն է տրամադրել տեղական թեյարտադրողներին «EU4Business․ առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։

«Բրենդինգ» բառը հին սկանդինավյան լեզուներից թարգմանաբար նշանակում է տարբերակելու նպատակով արվող դրոշմ։ Դեռևս Հին Հունաստանում և Հին Հռոմում ապրանքների վրա դրոշմում էին արտադրողների մասին տվյալներ` սկիզբ դնելով բրենդավորման դարավոր պատմությանը։ Հայաստանում, նույնպես, բրենդինգը երկար պատմություն ունի և տարիների հետ ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում հայրենական արտադրանքի մրցունակությունն ու, առհասարակ, երկրի տնտեսական դիրքերը բարելավելու առումով։

29