Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանի և հանրակրթության վարչության փորձագետ Ա. Թորոսյանի ասուլիսը:

Ասուլիսի ժամանակ  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան, անդրադառնալով տարրական դասարանի աշակերտների դիմակով դասերին մասնակցելու հանգամանքին՝ նշեց.

«Դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար, այսինքն առողջապահական ընդհանուր ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ կրել՝ չկա: Եվ, կարծում եմ, որ այստեղ, շատ ավելի, կոնկրետ իրավիճակային լուծումների մասին է խոսքը և ուզում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել այն հանգամանքին, որ մենք, ընդհանուր առմամբ, նախատեսում ենք այն երեխաների համար, որոնք կունենան որոշակի առողջական խնդիրներ և նրանց համար ցանկալի չի լինի առկա ուսուցմանը մասնակցությունը, հեռավար կրթության միջոցով գործընթացին մասնակցել և կրթությունից դուրս չմնալ: Հիմնական մտահոգությունը, որ պետք է վերաբերվի երեխաներին, մենք փորձել ենք ի սկզբանե կարգավորել: Ինչ վերաբերվում է դիմակների կրման ընդհանուր կանոնին՝ ես արդեն մի քանի ան գամ նշեցի, որ քննարկում ենք: Այստեղ կուզենայի ևս մեկ բան նշել, որը շատ կարևոր է՝ կապված վեցօրյա ռեժիմի անցման հետ, որը թույլ է տալիս կրճատել ամեն օր դպրոցում լինելու տևողությունը, որպեսզի երեխաները հնարավորինս քիչ գտնվեն դպրոցում: Ցածր տարիքի երեխաները կարող են դպրոցում գտնվել 2-4 ժամ»:

Խոսելով դասաժամի ընթացքում գրատախտակի կիրառման արգելքի մասին՝ Անդրեասյանն ընդգծեց.

«Կան ուսուցիչներ, որոնք երեխաների հետ աշխատելու բազուն ձևեր գիտեն, և մենք գիտենք, որ նման ուսուցիչներ մենք շատ ունենք. այդ ձևերը շատ տարբեր վայրերում ուսումնական գործընթացի կազմակերպումն է: Այդ դեպքում, գրատախտակի կարիք կարող են շատ հաճախ նաև չունենալ: Ինչու՞ չպետք է մոտենալ գրատախտակին: Սա կարծում եմ, որ շատ ակնհայտ է, քանի որ մոտենալը նշանակում է, օրինակ, որ երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, այնուհետև նստում է, հետո մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճը և, այսպիսով, մենք ունենում ենք վարակի տարածման ռիսկ: Եթե դուք ուղեցույցում նկատել եք, ապա մենք, առաջարկել ենք նաև, որպեսզի երեխաները միմյանց հետ իրեր չփոխանակեն. մեկը մյուսին չտա իր գիրքը, տետրն ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ էսպիսի գործողություն առաջ է բերելու ինչ-որ ռիսկի մեծացում: Գուցե, մեզ թվա, թե այդ ռիսկը փոքր է, բայց երբ որ մենք խոսում ենք մոտ 400000 երեխաների մասին և յուրաքանչյուր դպրոցում նկարող ենք ունենալ էսպիսի չկանոնակարգված իրավիճակ, ապա սրա հանրային հետևանքը կարող է լինել ավելի զգալի»:

Ասուլիսի ընթացքում Անդրեասյանը նաև նշեց, որ եթե դպրոցներում կորոնավիրուսի դեպքերը լինեն 10 տոկոս կամ ավելին, այդ դպրոցները որոշ ժամանակով չեն գործի։

Անդրեասյանի խոսքով, առաջին դասարանցիները կկարողանան առաջին օրն առանձին հաճախել դպրոց, սակայն կա սահմանափակում՝ մեկ անձի ուղեկցությամբ կարող է երեխան գնալ դպրոց։ Ըստ փոխնախարարի, յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածմումը կանխարգելող կանոնները պահպանելու համար։

Միևնույն ժամանակ փոխնախարարը կարևորեց դպրոցներում  մուտքի և ելքի, ինչպես նաև դպրոցի ներսում շարժի գործընթացի գծագրումը: Փոխնախարարի համոզմամբ, կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկաց ինտենսիվ շփման պարագայում:

Մինչև քսան աշակերտ ունեցող դպրոցների պարագայում առաջարկվել է ուսումնական գործընթացն իրականացնել ՝ ուղղակի պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Այն դպրոցներում, որտեղ ամեն դասարանում կա ավելի քան 20 աշակերտ, դասարանը կկիսվի խմբերի։ Երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուաքանչյուր խումբը 3 օր։

300