Կորոնավիրուսային համավարակի հետևանքով որոշ երկրներում ուսումնական գործընթացի կազմակերպման մեկնարկը հետաձգվել է, որոշ երկրներում էլ դասերը սովորականի պես մեկնարկելու են սեպտեմբերի 1-ից, բայց խստացված կանոնների ու նորմերի գործադրման պայմաններում:

AraratNews.am-ը ներկայացնում է համավարակի պայմաններում մի շարք երկրների ուսումնական հաստատություններում կիրառվելիք կանոնները:

«Լրացուցիչ ամիս». Պետդուման ցանկանում էր հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը

Առաջարկվում էր 2020 թվականին Ռուսաստանում ուսումնական տարին սկսել հոկտեմբերից: Նման առաջարկությամբ հանդես էր եկել Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովը` կարծիք հայտնելով, որ այդպես  ծնողներին և երեխաներին լրացուցիչ մեկ ամիս կտրվի ՝ անհրաժեշտ թեստերը հանձնելու և բժշկական ենթակառուցվածքների բեռը թեթևացնելու համար: 

«Լրացուցիչ ամիսը կհետաձգի սոցիալական շփումների քանակի կտրուկ աճը և կկանխի հիվանդության նոր բռնկումը:

Բացի այդ, երեխաները և նրանց ծնողները, նախքան ուսումնական տարվա մեկնարկը, ավելի շատ ժամանակ կունենան անհրաժեշտ բժշկական թեստերը հանձնելու համար, ինչը թույլ կտա նաև բժշկական ենթակառուցվածքների վրա չստեղծել պայթուցիկ բեռ»,-հայտարարել է Վլասովը:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը հրաժարվել է ուսումնական տարվա մեկնարկի հետաձգումից: Նման հայտարարությամբ հանդես է եկել գերատեսչության մամուլի ծառայությունը՝ Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովի ներկայացրած նախաձեռնությունից հետո:

ՌԴ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման առաջարկությունների նախնական տարբերակը հաստատվել է հուլիսի 30-ին:

Առողջապահության նախարարությունը համապատասխան կանոնները մշակել է միջազգային գործընկերների և մանկավարժների հետ քննարկումներից հետո:

Թերևս առավել ակնառու փոփոխությունն այն է, որ տարրական դասարանների աշակերտներին (1-4) թույլատրվելու է առանց դիմակի տեղաշարժվել ուսումնական հաստատությունների տարածքում:  Միևնույն ժամանակ, եթե աշակերտներից գոնե մեկը վարակվի COVID-19-ով, ապա ամբողջ դասարանը պետք է անցնի ինքնամեկուսացման: Ամեն դասաժամից հետո ուսուցիչներն ու աշակերտները պետք է լվանան ձեռքերը:

Համավարակային վտանգի «նարնջագույն» մակարդակում գտնվող շրջանների ուսուցիչներին առաջարկվում է դասարանում լինել հատուկ պաշտպանիչ վահաններով, մինչդեռ «կանաչ» կամ «դեղին» գոտիներում բավական է պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:

«Նարնջագույն» գոտում գտնվող ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին կարող են մասնակցել ոչ ավելի, քան 20 հոգանոց խմբեր: Բայց այս սահմանափակումը չի տարածվում մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև արտադպրոցական և արվեստի գծով մասնագիտացված ուսումնական հաստատությունների վրա: Այսինքն ՝ դպրոցներն ու մանկապարտեզներն աշխատելու են առանց սահմանափակումների, բայց բարձրագույն ուսումնական հաստատություններում (բուհեր, ինստիտուտներ) պետք է սահմանվեն որոշակի սահմանափակումներ:

Դիմակներ և կրճատված դասեր. Խորվաթիան դպրոցների համար նորամուծություններ է մշակում

Երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի պատճառով բոլոր ուսուցիչները դասերի ընթացքում պետք է դիմակներ կրեն:

Խորվաթիայի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսային համավարակի պատճառով ավագ դպրոցում աշակերտների դիմակներ կրելու և դասերը կրճատելու հնարավորությունը: Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար Աննա Պավիչ Շիմետինը:

«Առաջարկվում է երկու-երեք ժամանոց դասեր անցկացնել՝ երկու հերթով»,- ընդգծել է նա:

Անհրաժե՞շտ է, որ երեխան դպրոց վերադառնա

Շոտլանդիայի դպրոցները ներկայումս վերաբացվել են, այդ թվում նաև Հյուսիսային Իռլանդիայի որոշ դպրոցներ: Անգլիայում  և Ուելսում  դպրոցները կբացվեն հաջորդ ամիս:

Տնօրենները կարող են վերահսկել աշակերտների բացակայությունները և պատժամիջոցներ կիրառել՝ ներառյալ հավանական տուգանքները:

Առանձին ուղեցույց է հրատարակվել Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի համար:

Ի՞նչ անել դպրոցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակել է դպրոցների մոնիտորինգի համակարգ և նշել, որ բոլոր դպրոցներում պետք է հետևեն հետևյալ չորս կանոններին.

  1. Դպրոցից հեռու պահել Covid-19-ի ախտանիշով կամ ընտանիքում նման ախտանիշներով անդամներ ունեցող աշակերտներին:
  2. Ներդնել ձեռքերի հաճախակի լվացման համակարգ:
  3. Խթանել հիգիենայի կանոնների պահպանմանը: Հազալիս և փռշտալիս առանձին անձեռոցիկներ օգտագործել:
  4. Բարելավել ախտահանման ընթացակարգերը:

Կառավարությունը նաև ցանկանում է, որ դպրոցները նվազագույնի հասցնեն մարդկանց հետ շփումը և հնարավորինս պահպանեն սոցիալական հեռավորությունը:

Ինչպե՞ս կանցնի դպրոցական առօրյան

Ակնկալվում է, որ դպրոցներում կշարժվեն հավասարակշռված ուսումնական պլանով: Այդուհանդերձ, դպրոցական առօրյան կարող է տարբերվել նախորդ տարիների ընթացքից:

Ի՞նչ է նաև պահանջում Մեծ Բրիտանիայի կառավարությունը

Աշակերտները պետք է.

  1. Սովորականի պես համազգեստներ կրեն,
  2. Իրենց հետ դպրոց բերեն միայն ամենաանհրաժեշտ իրերը՝ ներառյալ լանչի տուփերը, գրքերը, գրենական պիտույքները և բջջային հեռախոսները,
  3. տնից բերեն գրքերն ու այլ գրենական պիտույքները, բայց խուսափեն ավելորդ համօգտագործումից. սա վերաբերում է նաև ուսուցիչներին,
  4. Մասնակցեն նվազագույն շփում ակնկալող ֆիզիկական դաստիարակության պարապունքներին՝ հնարավորության դեպքում «բծախնդրորեն ուշադրություն դարձնելով» դրսում հիգիենայի կանոնների պահպանմանը:

Աշնանային կիսամյակի ընթացքում պաշտոնական ստուգումները կդադարեցվեն:

Կորոնավիրուսի բռնկումները վերսկսվել են գերմանական և ամերիկյան դպրոցներում

Գերմանիայից հաղորդում են, որ դպրոցները նույնպես դարձել են կորոնավիրուսային համավարակի տաք օջախ: Գերմանիայում շատ դպրոցականներ դպրոց են վերադարձել երկու շաբաթ առաջ, և այդ ժամանակից ի վեր, ըստ երկրի իշխանությունների տարածած տեղեկատվության, Բեռլինի 825 ​​դպրոցներից 41-ում համավարակի դեպքեր են հաստատվել,- գրում է BBC- ն:

Միևնույն ժամանակ, վարակվել են տարբեր տարիքային խմբերի երեխաներ` տարրական դպրոցից մինչև ավարտական ​​դասարաններ: Հարյուրավոր աշակերտներ և ուսուցիչներ ինքնամեկուսացվել են:

Նշենք, որ Գերմանիայում քրոնիկական հիվանդություններ ունեցող ուսուցիչներն ու աշակերտները կարող են դիմել հեռավար կարգով դասավանդելու և ուսումնական գործընթացին մասնակցելու համար: Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են  համապատասխան պլանշետներն ու նոութբուքերը գնել: Ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության կողմից, բայց դպրոցականների ընտանիքները պետք է 10 տոկոսի չափով մարեն գումարը:

Գերմանական դպրոցներն այժմ նման են կանոնակարգված հաստատությունների. միջանցքները նեղացել են «միակողմանի երթևեկության» համար, յուրաքանչյուր դասարան ունի դասամիջոցի իր ժամն ու հանգստի ստորաբաժանումը:

Ֆիզիկական դաստիարակության դասաժամերն անցկացվում են միայն բակում: Որոշ մարզերում լողի դասերն արգելվել են: Երաժշտության դասերի ժամանակ էլ արգելվում է երաժշտական գործիքների վրա նվագելը:

Դպրոցների բացման հետ կապված վարակի նոր բռնկումների մասին հայտնում են նաև ԱՄՆ մի շարք նահանգների իշխանությունները և Իսրայելի կրթության նախարարությունը:

Ֆրանսիայում, որտեղ դպրոցները կբացվեն մեկ շաբաթվա ընթացքում, 11 տարեկանից բարձր տարիքային խմբում գտնվող երեխաների համար պարտադիր կլինի ուսումնական հաստատությունների տարածքում բժշկական դիմակներով տեղաշարժվելը:

Առաջիկա օրերին Նյու Յորքի դպրոցների ղեկավարությունը պետք է քաղաքի կրթության վարչությանը բացօթյա տարածքներում դասերի կազմակերպման ծրագիր ներկայացնի, որում պետք է նշվեն այն փողոցները, այգիները և մարզահրապարակները, որտեղ հնարավոր կլինի անվտանգ ժամանակ անցկացնել։

Աղբյուրներ՝ itc.ua, BBC, 125region.ru, gazeta.ru, korrespondent.net:

276