Անվան փոփոխությունը  ոչինչ չի տա: Բովանդակությունը պետք է փոխել: Araratnews.am-ին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ ) նախկին անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝  ՀՀԿ-ը ցանկանում է անունը փոխել, քանի որ այն առաջացնում է բացասական  ընկալում: 

Լեռնիկ Ալեքսանյանը հիշեցնում է՝ ՀՀԿ-ը բարի ու լավ համբավ ուներ անգամ, երբ կուսակցությունը լիարժեք իշխանություն չէր: «Կուսակցության բովանդակությունը, գործունեությունը պետք է փոխել: Անունը դասական, ճիշտ, կուսակցությանը հարիր է:  Չեմ կարծում՝ անվան փոփոխությունը ինչ-որ բան  կտա: Մարդիկ կան, որ ՀՀԿ-ից լավ հիշողություններ ունեն Աշոտ Նավասարդյանից, Անդրանիկ Մարգարյանից: Ու եթե անունը փոխվի, հիշողությունն էլ կջնջվի»,- կարծում է  նախկին կուսակցականը:

Քաղաքական գործիչը  վստահ է՝  կուսակցության անվան փոփոխությունը ոչինչ չի տա, բացասական կազդի կուսակցության վրա: Լեռնիկ Ալեքսանյանը չի բացառում՝ այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին անդամակցել էին կուսակցության գաղափարախոսության համար, նրանք  էլ  գուցե դուրս կգան կուսակցությունից: «Մարդիկ են կուսակցության դեմքը, նրանք պիտի փոխվեն, կարգին մարդիկ լինեն, որ կուսակցությունն իր դեմքը փոխի»,-  համոզված է նախկին ՀՀԿ-ականը: 

Սոնա Դավթյան 

 

375