Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 2057 դեպք: Առողջացել է 1842 քաղաքացի, փաստացի բուժվում է 186 պացիենտ, որոնցից 46-ը՝ բժշկական հաստատություններում, մյուսները՝ տան պայմաններում: Մարզում կորոնավիրուսից մահացության 29 դեպք է գրանցվել:

 

Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 996 քաղաքացի: Այս տվյալները ՀԺ-ին հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ ուրբաթ փորձնական թեստավորումներ են իրականացվել մի շարք կառույցներում, այդ թվում՝ Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասերում, Տաշիրի կարի ֆաբրիկայում, Հայփոստի Սպիտակի բաժանմունքում, Վանաձորի «Դիետ» կաթի արտադրամասում, Վանաձորի բժշկական կենտրոնի աշխատակիցների շրջանում: Ընդհանուր առմամբ փորձնական 367 նմուշառում է իրականացվել: Բոլորի մոտ 0 արդյունք է հայտնաբերվել, բացի «Սարտոն» եւ «Գլորիա» կարի արտադրամասերից:

 

«Սարտոն» կարի ֆաբրիկայում կատարված 200 նմուշառումից 50-ը դրական է եղել, իսկ «Գլորիա»-ի 67 նմուշառումից՝ 12-ն է դրական եղել: Մյուս բոլոր տեղերում կատարված նմուշառումները բացասական են եղել»,- ասաց Լուսինե Վարդանյանը, նշելով, որ «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասերը, չնայած հայտնաբերված հաստատված դեպքերին, շարունակում են աշխատել՝ պահպանելով անվտանգության խիստ միջոցառումներ. «Հաստատված հիվանդները ուղարկվել են ինքնամեկուսացման, կատարվել են հակահամաճարակային գործողություններ, կոնտակտավոր անձինք եւս տուն են ուղարկվել: Հակահամաճարակային կանոնները պահպանելով գործարանները շարունակում են աշխատել»:

49