Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը: Ենթադրվում էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ֆրեդի Բլոմը 116 տարեկան էր: Փաստաթղթերի համաձայն նա ծնվել է Արեւելյան Քեյփի գավառում 1904 թվականին:

Ինչպես հայտնում է «Ամերիկայի Ձայն»ը, Նա դեռեւս պատանի էր, երբ նրա ամբողջ ընտանիքը զոհ է գնացել 1918 թվականի իսպանական գրիպի համաճարակին: Բլոմը վերապրել է ոչ միայն համաճարակը, այլ նաեւ երկու աշխարհամարտ, անցել ապարտեիդի միջով:

Երկու տարի առաջ նա ասել էր, թե իր երկարակեցության մեջ չի տեսնում որեւէ պատճառ: ‘’Դրա համար միայն մեկ բան կա` Աստված մեր գլխավերեւում’’, ասել էր նա:

Բլոմը նախկինում աշխատել է որպես հողագործ, հետո` որպես շինարար: Թոշակի է անցել, երբ ութսունն անց էր:

Չնայած տարիներ առաջ հրաժարվել էր ալկոհոլային խմբիչքներից, մինչեւ կյանքի վերջը չի հրաժարվել ծխախոտից:

Ինչպես հարազատներն են ասել, մահից երկու շաբաթ առաջ նա փայտ է կտրատել բակում, սակայն հսկա մարմինն արագորեն փոքրացել է վերջին մի քանի օրերի ընթացքում:

353