Հեղինակ Վադիթեր Գիշյան

Յուրաքանչյուր երևանցի մի առանձին Երևան է՝ իր մարդկային  պատմությունով, ինքնատիպ կոլորիտով, թողած անունով ու համբավով:

Հիրավի, ժամանակներն անցնում են, մարդն ու իր պատմությունը՝ նույնպես, սակայն այն հինավուրց բնօրրրանը, հայ ժողովրդի Վարդագույն մայրաքաղաքը,

Մարդկության քաղաքակրթության ակունքը, Հռոմից էլ հին քաղաքամայրը շարունակում է ապրել՝ մեծացողի հետ  ծերանալով, երիտասադրի հետ ջահել մնալով:

Եվ այստեղ ամեն մի անկյուն, քար ու շենք, բակ ու այգի իր ստեղծման պատմությունն ունի:

Ինչպես օրինակ՝ Կասկադը, «Մոսկվա» և «Նաիրի», «Երևան» կինոթատրոնները,  «Անահիտ», «Կազիրյոկ», «Սկվազնյաչոկ», «Պոպլավոկ» սրճարանները,  Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոնները,  Պատանի հանդիսատեսի թատրոնը, Կոմիտասի անվան  կամերային երաժշտության տունը,  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Ահա այստեղ էլ կանգ կառնենք.

Ֆլամանդացի նկարիչ  Փիթեր Բեյքերի կտավից  մի կտորը հիշեցնող Երևանի Օպերայի ակադեմիական թատրոնն ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի՝ գտնվելով Երևանի կենտրոնում, պետք է լիներ մայրաքաղաքի ամենաբարձր շինությունը:

Այստեղ կարծես կենտրոնանում է Երևանի գույնը, մայրաքաղաքային համայնապատկերը: Բակը մշտապես լեցուն է տեղաբնակներով ու զբոսաշրջիկներով:

1931-1939 թթ.  Թամանյանական նախագծով և  Վարդան Զաքարյանի ինժեներական անմնացորդ աշխատանքի շնորհիվ կառուցված օպերայի շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը, որի  «պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաև թատրոնի խորհրդանիշ դիմակները: Զարմանալին այն է, որ  դիմակներից ոչ մեկը չի կրկնվում, բոլորը տարբեր են:

 Հուշագրավ են սափորների տեսքով կառուցված բազրիքները, որոնք հայկական մարմարից են.  դրանք օգտագործվել են Մայր տաճարի շինության մեջ: Ինչպես նաև պատերի զարդանախշերը՝ կրկին նռան ու խաղողի խորհրդանիշներով: Այս շինության թե ներսում, թե դրսում ամեն ինչ հայկական է: 

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում է գտնվում 1963 թվականին կառուցված՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկու հեղինակած չորս գործողությամբ բալետի անունը կրող լիճը. երևանյան այս անկյունը բոլորիս հիշողությունների մեջ  առանձնահատուկ  է իր նշանակությամբ:

 Այո, դուք չեք սխալվում. մեծ ու փոքր երևանցիների սիրելի Կարապի լիճն  է՝  2400 խմ ջրատարողությամբ, 1200 քմ մակերեսով, լիճը մարդաշատ է ոչ միայն ամռանը՝ իբրև «հովանոց» ամռան տապից շոգած անցորդների համար, այլև՝ ձմռանը.  սկսած 2005 թվականից՝  լիճը  վերածվում է սահադաշտի՝ հուշելով մոտալուտ Ամանորի մասին:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է:

Դեռևս խորհրդային տարիներին լճում ապրել են սպիտակ և սև կարապներ, որոնք 90-ականների սկզբին վերացան։ Իսկ ահա 2009 թվականին Երևանի քաղաքապետի հրահանգով Կենդանաբանական այգուց «Կարապի լիճ» ջրավազան է տեղափոխվել երկու կարապ։

Կարապի լճի տարածքում է գտնվում Առնո Բաբաջանյանի հուշարձանը` «Մեղեդի» քանդակը։

 

                                                                                                           

 

 

Օգտագործվել են հեղինակային, «Արմենպրես», «Մեդիամաքս» լրատվական գործակալությունների, ռեժիսոր, հեռուստամեկնաբան Էդգար Էլբակյանի արխիվյային լուսանկարները

 

79