Եղիշե Չարենցի բռնկվող, աղմկոտ ու անհաշտ բնավորության մասին մեզ են հասել բազմաթիվ պատմություններ։ Դրանցից մեկը իր հուշերի գրքում գրել է թատերագետ Ռուբեն Զարյանը:

 

Տանից դուրս եկանք։ Սպանդարյանով գնում էինք, եթե չեմ սխալվում դեպի Գրողների տուն։

Չարենցն այդ օրը նյարդային վիճակի մեջ էր, գրգռված, մի փոքր առիթ բավական էր, որ սուր խոսքեր ասի, խայթի։

Երկար ժամանակ լուռ էր։ Ճանապարհին հանդիպեց մի կին։ Չարենցը ո՛չ բարև տվեց, ո՛չ բարևն առավ, միանգամից անցավ հարձակման։

-Լսիր, այդ ի՞նչ ես արել։

Նա թե`

-Ի՞նչ։

-Հեչ չէի սպասում։ Հե՛չ։

-Բան ունես` կարգին ասա հասկանամ։

Չարենցը թողեց նրան դարձավ ինձ։

-Մի լսիր, թե ինչ է արել։

Ու պատմեց։ Մեզ հանդիպած կինը իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որը հագնում են դահուկորդները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված մի բան էր։ Աղջիկը հագնում, իջնում է բակ։ Նրան անմիջապես շրջապատում են ծանոթ-անծանոթ երեխաները։ Սկզբում հետաքրքրվում են, հիացած նայում, հետո սկսում են տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել։

-Եվ դու պատկերացնու՞մ ես, դա անում է մի զարգացած, կրթված կին, բարձր դիրք ունեցող պաշտոնյա։

Կինը չէր հասկանում, թե Չարենցն ինչու էր իրեն կշտամբում։

-Լսիր, ինչպե՞ս չես հասկանում,- դարձավ Չարենցը նրան,- որ դու երեխայիդ շրջապատի մեջ անցանկալի բնազդներ ես գրգռում։

Թեև կինը արդեն խայթված էր, բայց փորձում էր իրեն զսպել։

-Չեմ հասկանում, ուրեմն քո ասելով, ես պետք է երեխայիս զրկեմ,- թե ինչ է մյուսները չունե՞ն։

-Հապա ինչ ես կարծում։ Ինչի՞ ես երեխայիդ հակադրում նրանց։ Ինչու՞ ես ընկերներին լարում նրա դեմ։ Երեխային հագցնելիս միշտ պիտի նկատի ունենաս շրջապատը։ Ուրիշ ինչպե՞ս։ Նրանք չունեն` քոնն ունի։ Գոնե աղջկադ մասին մտածիր։ Ինչու՞ ես հիմիկվանից գերազանցության հոգեբանություն պատվաստում նրա մեջ։ Ուզու՞մ ես վերևից նայի մյուսներին։

Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, և անցնող-գնացողները մի պահ կանգ էին առնում` ոմանք տարակուսած, ոմանք հետաքրքրված նայում։

Կինն այլևս չկարողացավ իրեն զսպել։

-Քո ի՞նչ գործն է, ինչու՞ ես խառնվում իմ անձնական գործերին։

-Անձնակա՞ն։ Դա ի՞նչ անձնական գործ է։ Դա, եթե կուզես իմանալ, հասարակական գործ է։

Կինը, պաշտպանվելու համար դիմեց հեգնանքի.

-Համենայնդեպս դու չէ, որ ինձ պետք է սովորեցնես, թե ինչպես է հարկավոր դաստիարակել։

-Հենց ես, ե՛ս պետք սովորեցնեմ։ Հապա ի՞նչ ես կարծում։

Չարենցը ձայնը գլուխն էր գցել։ Կինը բոլորովին կորցրեց իրեն։

-Ուրիշներին սովորեցնելուց առաջ, ինքդ դաստիարակվելու կարիք ունես։

Դա բավական եղավ, որ Չարենցը մի կողմ դներ ամեն ինչ և անցներ անձնական այնպիսի վիրավորանքների, որ ախոյանը ստիպված էր սպառնալ նրան ,թե դատարան քարշ կտա և ինձ էլ կկանչի որպես վկա։

-Մի վախեցնի։ Դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի։ Այո՛, սա էլ կգա վկայություն տալու։ Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ…

Եվ իմ մասին ասաց մանրամասնություններ, որ ապագա դատավարության հետ ոչ մի կապ չունեին։

-Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն։ Ամեն ինչի մեջ, ամեն տեղ։

Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն այլևս չկար։ Շտապ-շտապ հեռացավ` մեզ մենակ թողնելով։

 

                                                                                                                                                               Աղբյուրը` vnews.am

40