Հայտնի թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը կրկին խոսել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին՝ գրում է Еrmenihaber-ը:

«Այա Սոֆիան (Սբ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,- ասել է հայտնի գրողը գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

Հուլիսի 24-ին՝ վերաբացման առիթով տեղի ունեցած առաջին ուրբաթօրյա աղոթքի օրը հրապարակված հարցազրույցում Փամուքը նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, հունական այս գլուխգործոց տաճարը թանգարանի վերածելով (1934 թ․), արդի աշխարհին ու հատկապես Արևմուտքին ուզում էր ասել, որ թուրքերն աշխարհիկ են։ 

«Ֆրանսիական աշխարհիկությունը ներդնելով՝ նա (Աթաթուրքը) ցանկանում էր ասել, որ մենք եվրոպական մեծ մշակույթի ու քաղաքակրթության մի մասն ենք»,- ասել է Փամուքը՝ ավելացնելով, որ հիմա այդ ամենը գլխիվայի են շուռ տալիս։  

«Այս որոշումը ձեզ համար ի՞նչ է նշանակում» հարցին պատասխանելիս Նոբելյան մրցանակակիր գրողն ասել է․ «Սա պարզ ասած՝ նշանակում է՝ Քեմալ Աթաթուրքի աշխարհիկությունն արդեն չենք հարգում։ Ասում են՝ ցանկանում ենք պոպուլիստ լինել, պոպուլյար լինել, բոլորին ասում են՝ որ գոհ չեն Արևմուտքից»։

Փամուքը քննադատել է նաև քաղաքական ընդդիմությանը (գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը հիմնադրվել է Աթաթուրքի կողմից)՝ այդ քայլին դեմ չգնալու համար։ Ըստ գրողի՝ ընդդիմության նման պահվածքի պատճառներից մեկն այն է, որ Սբ․ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը համակրանքի է արժանացել ժողովրդի շրջանում։ Որպես մեկ այլ պատճառ էլ գրողը նշել է ընդդիմության վախն առ այն, որ իրենց հակառակ հայտարարությունները երկրում կարող են չընկալվել խոսքի ազատության շրջանակներում։

«Այա Սոֆիայի ճակատագիրը պետք է թուրք ժողովուրդը որոշի, սակայն ես էլ Թուրքիայի քաղաքացի եմ և դրան դեմ եմ, ինչպես ինձ նման միլիոնավոր աշխարհիկ քաղաքացիներ։ Ցավոք, սակայն, մեր ձայնը չի լսվում»,- ասել է Փամուքը։

Վերջում Փամուքը նշել է, որ նախկինում թուրքերը հպարտանում էին միաժամանակ և՛ մուսուլման, և՛ աշխարհիկ լինել կարողանալու համար։ Ըստ գրողի՝ այժմ Թուրքիայում ոչնչացնում են այդ հպարտությունը, որը Աթաթուրքի նախագիծն էր։

Նշենք, որ մոտ 5 դար որպես Բյուզանդիայի գլխավոր քրիստոնեական տաճար ծառայած, ապա Կոստանդնուպոլսի գրավումից հետո (1453 թ.) մզկիթի վերածված, իսկ 1934 թ․-ից Աթաթուրքի նախաձեռնությամբ որպես թանգարան գործող Սբ․Սոֆիայի տաճարը օրեր առաջ Թուրքիայի Պետխորհրդի, ապա նաև՝ նախագահ Էրդողանի որոշմամբ վերածվեց մզկիթի։ Հուլիսի 24-ին Թուրքիայի նախագահի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքով (նամազ) Սբ․ Սոֆիայի տաճարը կրկին որպես մզկիթ բացվեց մուսուլմանների համար: 

642